Ստամբուլում ոստիկանները քրդական Koma Zap երաժշտական խմբի երգիչ Յուսուֆ Չեթինին Ստամբուլի կենտրոնում ծեծել եւ ձերբակալել են։

Քրդական ANF-ի հետ զրույցում Յուսուֆ Չեթինը պատմել է, որ Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում քրդերենով երգեր է կատարել, երբ իրեն են մոտեցել ոստիկաններն ու բռնությամբ ձերբակալել։ Նա շեշտել է, թե ոստիկաններն ասել են՝ «թույլ չենք տա ահաբեկիչների համար երաժշտություն ստեղծեք», որից հետո հանել են իր գրպանի 300 լիրան եւ այրել։

Չեթինի խոսքով՝ ոստիկաներն իրեն ծեծել են, հետո տարել են հիվանդանոց՝ սպառնալով, որ եթե բժշկին բան ասի, վատ հետեւանքներ կլինեն։ «Ոստիկաններն ինձ հետ մտան բժշկի սենյակ եւ ես ոչինչ չկարողացա ասել, որից հետո ինձ տարան ոստիկանատուն։ Առավոտյան տարան դատախազի մոտ, որտեղից էլ ազատ արձակվեցի։ Այնուհետ գնացի բժշկի եւ վերցրեցի ծեծի ենթարկված լինելու մասին գրությունը։ Պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել իմ քուրդ լինելու համար ինձ ծեծած ոստիկանների դեմ»,-ասել է քուրդ երաժիշտը։