Հայաստանում ներմուծված ապրանքների սպառման ծավալների կրճատմանը զուգահեռ՝ մարդիկ սկսել են ավելի շատ օգտագործել սեփական գյուղատնտեսական արտադրանքը։ Այս մասին օգոստոսի 7-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Տնտեսական ակտիվության աճի հետ միասին հանրապետությունում ցավոք սրտի կրճատվել է արտասահմանյան փոխանցումների հոսքը, որոնք հիմնականում օգտագործվում են սպառողական ծախսերի համար։ Իսկ քանի որ մանրածախ առեւտրի հիմնական մասը ներմուծված ապրանքներն են կազմում, ապա կրճատվել են նաեւ ներմուծման ծավալները։ Մյուս կողմից այս տարի մենք գյուղատնտեսական զգալի աճ ունենք, եւ մանրածախ առեւտրում նկատելի է տեղական մրգերի եւ բանջարեղենի առաջարկի աճ, ինչը ողջունելի է»,- նշեց Գաբրիելյանը։

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. առաջին կիսամյակում գյուղատնտեսական աճը կազմել է 14.5 տոկոս։