Եգիպտոսն այսօր հայտարարել է Սուեզի ջրանցքի տակ վեց թունելի կառուցումն սկսելու որոշման մասին։ Ինչպես հայտնել է Սուեզի ջրանցքի կառավարիչ, ծովակալ Մոհաբ Մամիշը, դա համալիր ծրագրի երկրորդ փուլն է՝ ջրային ճանապարհի զարգացման ուղղությամբ, որի նոր հունը սկսել է շահագործվել հինգշաբթի օրը։
Մամիշի խոսքով, ինժեներային կառուցվածքները Եգիպտոսի աֆրիկյան հատվածը կմիացնեն Սինայի հետ, ինչը «կհեշտացնի ապրանքների եւ մարդկանց փոխադրումը»։ 11 մետրանոց երեք թունել կանցնեն Իսմայիլիայի մերձակայքով, եւս երկուսը՝ Պորտ Սաիդի շրջանով՝ Սուեզի ջրանցքի ջրի մակերեւույթից 42 մետր խորության վրա։ Ստորգետնյա ավտոմայրուղիներից յուրաքանչյուրի երկրարությունը կլինի 3,5 կիլոմետր։ Բացի դրանից, ջրանցքի տակով կձգվի 7 կիլոմետր երկարությամբ եւ 12 մետր տրամագծով երկաթուղային թունել։ Դա կապահովի ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար գնացքների շարժումը երկու ուղղությամբ եւ կկառուցվի ջրանցքի ջրի մակերեւույթից 48 մետր խորության վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախագծի հաշվարկային արժեքը 29 միլիարդ եգիպտական ֆունտ է (ընթացիկ փոխարժեքով՝ 3,66 միլիարդ դոլար)։




























