«Տոյոտայի» օրինակը վարակիչ էր: Նրանից հետո ճապոնական Mazda Motor Corp. ընկերությունը որոշել է ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետ կանչել մոտ 225 հազար մեքենա՝ թերությունները վերացնելու նպատակով:

Հետկանչի ենթակա են Mazda 3 եւ Mazda 5 մոդելները, որոնք արտադրվել են Ճապոնիայի տարածքում եւ առաքվել Միացյալ Նահանգների եւ Չինաստանի շուկաներ: Ընդ որում, Չինաստանից հետ են կանչվելու միայն 10 հազար մոդելներ, իսկ մնացած 215 հազարը բաժին է ընկնում ամերիկյան շուկային: Տվյալ մոդելներում ղեկի հիդրոուժեղացուցիչի դեֆեկտ է նկատվել, որը երթեւեկության ժամանակ կարող է հանգեցնել վերահսկողության կորստի:

Նշենք, որ վերջին շրջանում ճապոնական մի շարք ավտոկոնցեռններ մեքենաների խոշոր խմբաքանակներ են հետ կանչում: Toyota-ն արդեն հետ է կանչել ավելի քան 10 մլն մեքենա: Mazda-ն այս տարի առաջին անգամ է դիմում նման քայլի: