«Ղեյրաթ» («Պատիվ») շարժումն այսօր Բաքվի մեդիա-կենտրոնում անց է կացրել Վրաստանի էթնիկ ադրբեջանցիների տնտեսական ու մշակութային խնդիրներին նվիրված մամլո ասուլիս։ Մասնավորապես, խոսվել է կրթություն ստանալու, հողերի սեփականության, պետական պաշտոններ զբաղեցնելու և այլ հարցերի մասին։ Այս մասին հայտնում է «Կավկազսկի ուզելը»։

«Չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին, դա չի արտացոլվում Վրաստանի ադրբեջանական բնակչության սոցիալ-մշակութային կյանքի վրա»,- ասել է շարժման ներկայացուցիչ Զումրուդ Ղուրբանովը։ Ընդ որում նա նշել է, որ հողային բարեփոխումները Վրաստանում ավարտվել են, սակայն ադրբեջանական բնակչության շահերն անտեսվել են։ Շարժումը ստեղծված իրավիճակից ելք է համարում ադրբեջանական պետության կողմից Վրաստանի ադրբեջանցիներով խիտ բնակեցված վայրերում ներդրումներ կատարելը։

«Ղեյրաթ» շարժման առաջնորդ Ալիբալա Ասքերովը Ադրբեջանում գործող

Կովկասի մուսուլմանների վարչությանը մեղադրել է ադրբեջանական բնակչության խնդիրների նկատմամբ անտարբերության, և մասնավորապես, կրոնական հարցերում չաջակցելու համար։

Ասքերովի կարծիքով, ադրբեջանցիների խնդիրների լուծումը «պետական մակարդակով երկկողմ նախագծերի իրականացման մեջ է»: Առավել լուրջ խնդիրների շարքը նա դասել է գործազրկությունն ու ադրբեջաներեն լեզվով կրթության սահմանափակումը։ «Որպես այդ գործընթացների հետևանք՝ Վրաստանից հեռացել են 60 հազար երիտասարդ ադրբեջանցիներ»,- ասել է Ասքերովը։

Նա լուրջ խնդիր է համարել նաև պետական կառավարման ոլորտում ադրբեջանցիներին չներգրավելը։

Ասքերովի կարծիքով, Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքների պետական կոմիտեն ու ԱԳՆ-ն իրական գործողություններ չեն ձեռնարկում Վրաստանի ադրբեջանական բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ադրբեջանական բնակչությունը խիտ բնակեցված է Վրաստանի Ադրբեջանին ու Հայաստանին սահմանակից արևելյան մի շարք շրջաններում։ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակաշրջանում Վրաստանի ադրբեջանցիների թվաքանակը տարբեր հաշվարկներով կազմում էր 300-400 հազար։ Վերջին ժամանակներս Բաքվում շատ հաճախ են անցկացվում Վրաստանի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումներ։

Աղբյուրը հիշեցնում է, որ Վրաստանի էթնիկ ադրբեջանցիների խնդիրներին էր նվիրված նաև հունիսի 24-ին Բաքվի մեդիա-կենտրոնում կայացած «Բորչալիի (Վրաստանի հարավում գտնվող տարածքի ադրբեջանական անվանումը, որը խիտ բնակեցված է ադրբեջանցիներով) տեղն ու պատմական դերը» թեմայով կլոր սեղանը։

«Մուսավաթ» կուսակցությունից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Նասիբ Նասիբլին անհրաժեշտ է համարել փոփոխություններ ու լրացումներ կատարել Ադրբեջանի միգրացիայի մասին օրենքում՝ Վրաստանից ժամանող ադրբեջանցիների համար արտոնություններ սահմանելու նպատակով։ «Այս հարցում չի կարելի հավասարության նշան դնել Վրաստանից ու այլ երկրներից եկած ադրբեջանցիների միջև»,- ասել է խորհրդարանականը։ Մեկ այլ պատգամավոր, «Մեծ ստեղծագործություն» կուսակցության ղեկավար Ֆազիլ Գազանֆարօղլուն, ընդհակառակը, անհրաժեշտ է համարել խստացնել միգրացիայի մասին օրենքը։

«Հակառակ դեպքում, Ադրբեջանը կհեղեղվի Վրաստանից ներգաղթողների հոսքով, ինչն անթույլատրելի է»,- ասել է խորհրդարանականը։

Ադրբեջանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչ Էթերի Աստեմիրովան՝ ելույթ ունենալով կլոր սեղանի ժամանակ, արտահայտվել է Քվեմո Քարթլիի նկատմամբ «Բորչալի» տերմինի գործածության և այդ տարածքը թյուրքական աշխարհի շարքը դասելու դեմ։ Նա դժգոհություն է հայտնել նաև, որ Ադրբեջանում վրացիներին անվանում են ինգիլոյներ, «թեպետ նման ազգ գոյություն չունի»։

Միաժամանակ Աստեմիրովան նշել է, որ ադրբեջանցիների կրթության խնդիրները գտնվում են երկու երկրների կրթության նախարարությունների ուշադրության կենտրոնում։ Դեսպանատան ներկայացուցչի կարծիքով, ադրբեջանական մամուլում հաճախ հրապարակվում են «սադրիչ հոդվածներ», և այդ հարցում նկատվում են «մի երրորդ ուժի մեքենայությունները», որը, նրա կարծիքով, Ռուսաստանն է։

Նշենք, որ ինգիլոյները՝ Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաղիի ու Զագաթալիի շրջաններում բնակվող մահմեդական վրացիներն են։ Նրանք իսլամ են ընդունել պարսկական արշավանքների ընթացքում։