Հարավային Կովկասը պատրաստվում է պատերազմի: Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրին»: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը դուրս է գալիս Մերձավոր Արեւելքի շրջանից, եւ խաղը ստանձնում են Ռուսաստանն ու Թուրքիան. ռուսներն ավելի ամրանում են Հայաստանում, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանում: «Այս պարագայում, եթե Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո, ապա այդ երկիրն ավելի կառավարելի է եւ անվերահսկելի գործողություններ թույլ չի տա»,-նկատեց Շաքարյանը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հնարավորությանը, թուրքագետը նշեց, որ օգոստոսի 8-ի վրաց-ռուսական սցենարը չի կրկնվի: «Որովհետեւ Ադրբեջանը քաջ կգիտակցի, որ եթե նունիսկ կայծակնային պատերազմի հույսով հարձակվի Արցախից բացի նաեւ Հայաստանի վրա, ապա պատասխան քայլն ավելի ուժգին կլինի»,-նշեց նա: Արտակ Շաքարյանը ընդգծեց նաեւ, որ թեեւ պատերազմի վերսկսման վտանգ այսօր չի տեսնում, սակայն «քաջ գիտակցելով Ալիեւի ավանտյուրիստական մոտեցումն ու կայծակնային պատերազմի դեպքում հաղթանակի հույսերը՝ հնարավոր է, որ ավելի ակտիվանան զինադադարի խախտման միջադեպերը»:
Թուրքագետն անդրադարձավ Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին: Նա նշեց, որ երբ Անկարան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ապա նկատի ունի միայն Ղարաբաղին հարող յոթ շրջանները: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի կարգավիճակին, ապա, ըստ Շաքարյանի, Թուրքիան դեռեւս այդ մասին դիրքորոշում չի հայտնում: «Սա նշանակում է, որ Թուրքիայի դիրքորոշումներում փոփոխություն է տեղի ունեցել: Դա ժամանակավոր է, թե ոչ՝ դեպքերի ընթացքը ցույց կտա»,-նշեց նա:




























