«Ոչ սեպտեմբերի  19-ին» նշանաբանով այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազգային գրադարանում «Աղթամարի Սուրբ Խաչը՝ հավատի, գիտակցության, արժանապատվության քննություն» թեմայով քննարկում է կազմակերպվել։ Գլխավոր բանախոսը պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանն էր, ով կոչ արեց բոլորին   սեպտեմբերի 19-ին չմասնակցել Թուրքիայի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու խաչի տեղադրման արարողությանը եւ մատուցվելիք պատարագին, քանի որ, ըստ վերջինիս, այդ ամենը թուրքերի կողմից կազմակերպված շոու է։

Պատմաբանի համոզմամբ, թուրքերը խաչը եկեղեցու վրա տեղադրելով դիվիդենտներ են շահում, այն էլ միանգամից  մի քանիսը։

Առաջինն, ըստ Ռաֆիկ Թադեւոսյանի այն է, որ տորպեդահարվում է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ կոնգրեսում։ Երկրորդ. այդ քայլը կնպաստի Թուրքիայի Եվրամիությանը անդամակցելու ջանքերին եւ կարդարացնի նրա վարած «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը։  Երրորդ. թուրքերը կփորձեն ապակոնսերվացնել հայ-թուրքական սառեցված արձանագրությունները։  

Չորրորդ դիվիդենտը, պատմաբանի խոսքով, այն կլինի, որ սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի անցկացվելիք զորավարժություններին ի պատասխան՝  Թուրքիան կփորձի Արեւմուտքի աչքին բարձրանալ՝ հայկական եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելով եւ ցույց տալով, թե հարաբերությունների հաշտեցման սառեցված գործընթացում ձեռք է մեկնում Հայաստանին։

«Երրորդ կողմի (Արեւմուտքի) համար է ցուցադրվում այս գավառական, էժանագին շոուն, իսկ դրա համար գլխաքանակ է պահանջվում։ Հայ մարդու եւ հայ եկեղեցու միջեւ հայտնվել է մի անկոչ հյուր, որը մատնացույց է անում, թե երբ կարելի է պատարագ մատուցել կամ խաչ անել։ Այ քեզ բան»,-վրդովված նշեց  պատմաբանը՝ հորդորելով եկեղեցի այցելել ոչ թե սեպտեմբերի 19-ին, այլ մեկ ուրիշ օր։

Հիշեցնենք, որ այս տարի գարնանը Թուրքիայի կառավարությունը թույլատրեց, որ տարին մեկ անգամ` սեպտեմբերի երկրորդ շաբաթվա մեջ, Սուրբ Խաչի տոնին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվի, նա նաեւ համաձայնեց եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել։