Օգոստոսի 12-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցել է Սանտ’Աննա դի Ստացեմայի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը:

Արարողության սկզբում ընթերցվեց Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ուղերձը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Սանտ’Աննա դի Ստացեմայի քաղաքապետ Մաուրիցիո Վերոնան, ով հատուկ ընդգծեց, որ այս տարվա հիշատակի միջոցառումը նվիրված է նաեւ 20-րդ դարի մարդկության դեմ կատարված առաջին ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դեսպան Ղազարյանն իր ելույթում կարեւորեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման եւ այդ նպատակով հիշողության պահպանման անհրաժեշտությունը: Նա վերապրածների սերունդների բարոյական պարտքը համարեց անտարբեր չմնալը եւ «աչք չփակելը» մեր օրերում կատարվող ոճրագործությունների հանդեպ՝ այդ առնչությամբ նկատելով, որ այսպես կոչված «Իսլամական պետության» կողմից ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ այսօր իրականացվող գործողությունները հիշեցնում են 100 տարի առաջ հայերի դեմ իրականացված եղեռնագործությունը եւ չպետք է անպատիժ մնան: Նա ներկայացրեց ցեղասպանության կանխարգելման հարցում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականությունը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի նախաձեռնած բանաձեւերի ընդունումը, որին աջակցել են մի շարք երկրներ, այդ թվում` Իտալիան, ինչը վկայում է այն մասին, որ երկու երկրները ցեղասպանության դեմ պայքարի նույն ճակատում են:

Դեսպանը հավելեց, որ Հայաստանն ու Իտալիան ՄԱԿ ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունում նույնպես իրենց միասնական ջանքերն են բերում Միջին Արեւելքի կայունության ու անվտանգության ապահովման գործին: ՀՀ դեսպանը նաեւ նշեց, որ եթե 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը համարժեք արձագանք ստանար միջազգային հանրության կողմից եւ նրա իրականացնողները ժամանակին պատժվեին, ապա 20-րդ դարը չէր դառնա ցեղասպանությունների դար: Նա հավելեց, որ քանի դեռ մարդկության դեմ ոճիրները միայն պատմությանը չեն պատկանում, այլ զանգվածային լրատվամիջոցների լրահոսում են, քաղաքակիրթ մարդկությունը շատ անելիք ունի դրանք կանխարգելելու գործում: Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելութում նշեց, որ Սանտ’Աննա դի Ստացեմայի զոհերի հիշատակի արարողությանը ներկա է նաեւ Գերմանիայի Մոերս քաղաքի քաղաքապետը եւ ափսոսանք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին դեռեւս որեւէ թուրք քաղաքապետ չի մասնակցել: Նա կոչ արեց բոլորին չզբաղվել պասիվ հիշողությամբ, այլ իրազեկել նոր սերունդներին անցյալի ոճրագործությունների մասին եւ ակտիվորեն պայքարել ժխտողականության դեմ:

Միջոցառմանը ներկա էին Իտալիայի քաղաքական, զինվորական, հոգեւոր եւ հասարակական շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, 100-ից ավելի քաղաքապետներ, Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջիանին, Իտալիայի պարտիզանների ազգային միության նախագահ Կառլո Սմուրալիան, Սանտ’Աննա դի Ստացեմայի եւ շրջակա բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց իտալական զանգվածային լրատվամիջոցների՝ մամուլի եւ հանրային հեռուսատատեսության կողմից: