Մոսկվայում տեղի ունեցած Եվրատեսիլ-2009 հեղինակավոր երգի մրցույթին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչների օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին երկրի Ազգային անվտանգության նախարարություն հարցաքննության կանչելու կապակցությամբ ծագած ողջամտության շրջանակներում չտեղավորվող սկանդալն արժանացել է միջազգային առաջատար մի շարք հրատարակությունների ուշադրությանը։ Քաղաքակիրթ աշխարհը չկարողացավ անտարբեր մնալ նախնադարյան վայրագության և մարդ լինելու և իր սեփական տեսակետն ունենալու մարդկային իրավունքի ոչնչով չարդարացված ոտնահարման դրսևորումների նկատմամբ։

Daily Telegraph-ը՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա քաղաքական հակամարտության մասին, այնուամենայնիվ, հարց է տալիս. Իսկ ինչո՞ւ են այդ բոլոր մարդկանց (Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի օգտին, ընդհանուր առմամբ, քվեարկել է Ադրբեջանի 43 քաղաքացի) հարցաքննության կանչել վերոհիշյալ մրցույթի ավարտից 3 ամիս հետո։ Պարբերականը մեջ է բերում այն իրավապաշտպանների կարծիքը, որոնք նշում են, թե Իլհամ Ալիևի կառավարման ժամանակաշրջանում քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ճնշումն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։

Independent-ն այս կապակցությամբ նշել է , որ Ադրբեջանի ԱԱՆ-ի գործողությունները ստիպում են զուգահեռներ անցկացնել այն երևույթի հետ, որն իր մասին բարձրաձայնել է միջնադարում ու ստացել «վհուկների որս» անվանումը։

BBC-ն մեջ է բերում այն դժբախտներից մեկի խոսքերը, որին կանչել էին հատուկ ծառայությունները. «Նրանք մեղադրում էին ինձ հայրենասիրության բացակայության և այն բանի մեջ, որ ես պոտենցիալ սպառնալիք եմ ներկայացնում ազգային անվտանգության համար»։ Բի-ԲԻ-Սի-ն ներկայացնում է նաև Հարավային Կովկասում իր սեփական թղթակից Թոմ Էսլեմոնտայի խոսքերը, որը տալիս է նույն հարցը, ինչ որ Daily Telegraph-ը։ Համանման հաղորդագրություն է տարածել նաև Reuters-ը։

Անդրադառնալով միջնադարի թեմային և պատմական փոքրիկ էքսկուրս կատարելով, նշենք, որ «վհուկների որսը» առաջին անգամ սկսվել է 13-րդ դարում։ Այն արտահայտվել է կախարդության մեջ կասկածվող մարդկանց հետապնդումներով։ Վհուկների ու կախարդների քրեական հետապնդումները հայտնի են նաև անտիկ շրջանից, սակայն այն առանձնակի չափերի է հասել Արևմտյան Եվրոպայում 15-րդ դարավերջին ու 16-րդ դարի կեսերին։ Միայն բասկ վհուկների (1609-1610թթ., դատավոր Պյեր դե Լանկռ) գործով դատարանի առջև է կանգնել ոչ պակաս, քան 7 հազար մարդ։

Սակայն ի պատիվ Իլհամ Ալիև & co.-ի՝ հարկ է ընդգծել, որ Ադրբեջանում հարցաքննության են կանչել ընդամենը 43 մարդու։ Այնուհանդերձ, հիշելով Ադրբեջանի քաղաքացիների կամարտահայտության վրա ճնշման երկրաչափական պրոգրեսիայով աճի մասին քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչների միտքը, կարելի է ասել, որ Ադրբեջանի տիրակալի ու նրա համախոհների մոտ դեռ ամեն բան առջևում է։ Թույլ տանք նաև մեզ հարցնել, թե ի՞նչ արժեք է իրենից ներկայացնում Ալիևի ողջ խանդավառությունը, երբ նա հերթական անգամ սկսում է խոսել տարբեր ոլորտներում իր երկրի զարգացման, ու նրա հսկայական քայլերի մասին։ Չէ որ երկրի զարգացումը կախված է սեփական ժողովրդի, նրա հոգևոր համամարդկային արժեքների զարգացման աստիճանից, իսկ եթե դրանք միանշանակորեն ու անբեկանելիորեն ճնշվում են, ապա ժողովուրդը վաղ թե ուշ կդատապարտվի լիակատար անկման։ Իսկ նրա հետ միասին նաև ողջ երկիրը։