Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու ցանկությունը պայմանավորված չէ հատուկ ինչ-որ առիթով կամ պատճառով: Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավելելով, որ դրանով, պարզապես ռազմական ոլորտում սերտորեն համագործակցող Ռուսաստանն ու Հայաստանը, իրենց գործողությունները ծրագրելու կարիք ունեն:

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրին կից արձանագրություն ստորագրելու հիմնական խնդիրը   ժամանակի մեջ հեռանկար ունենալն է, առավել երկարաժամկետ պլանավորումն է, մյուս առումներով, ռուսական ռազմակայանի կողմից իրականացվող բոլոր գործառույթներն անփոփոխ են մնում: Որեւէ փոփոխություն նրանում, ինչ անում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանը, սպասել պետք չէ»,- ասել է Լավրովը: Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվում է առնվազն 49 տարով:

Այնուհետեւ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ապագային, ՌԴ ԱԳ նախարարը նշել է. «Ապագան իր բոլոր մանրամասներով գուշակել չենք կարող: Սակայն վերջին ժամանակահատվածում դիտարկվող բոլոր միտումները թույլ են տալիս վստահորեն ասել, որ այդ հարաբերությունները կպահպանվեն որպես դաշնակցային, ռազմավարական գործընկերության, որպես շատ մտերիմ, բարեկամ եւ եղբայրական երկու երկրների հարաբերություններ: Եվ հույս ունեմ, որ մի քանի տարի անց հնարավորություն կունենանք արձանագրել տնտեսական հարաբերությունների, ներդրումային փոխհարաբերությունների, մարդասիրական ոլորտի համագործակցության  առավել խորը մակարդակ»: Նա նաեւ հուս է հայտնել, որ ԼՂ խնդրի կարգավորումը կվերացնի տարածաշրջանային համագործակցության համար դեռեւս առկա խոչընդոտները: