Դնեպետրովշչինայի Բերեզնովատովկա գյուղում անհայտ մարդիկ գողացել են Երկնային հարյուրյակի հերոս Սերգեյ Նիգոյանի գերեզմանին տնկված եղեւնիները:  Այդ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է իրականացվում:

«Օգոստոսի 16-ի գիշերը անհայտ անձինք գերեզմանից 7 եղեւնի են գողացել, 4` սովորական, 3` կանադական», հաղորդել են Ուկրաինայի ՆԳՆ-ից:

Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ-ի  297-րդ հոդվածի առաջին մասով (գերեզմանի, թաղման այլ վայրի կամ մահացածի մարմնի անարգում): Գողերին սպառնում է տուգանք նվազագույն չհարկված աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կամ  կալանք 6 ամիս ժամկետով, կամ` ազատության սահմանափակում մինչեւ 3 տարի ժամկետով կամ նույն ժամկետով ազատազրկում:

Սերգեյ Նիգոյանը  (1993-ի օգոստոսի 2 – 2014-ի հունվարի 22) սպանվել էր 2014-ի հունվարի 22-ին Կիեւի Գրուշեւսկու փողոցում տեղի ունեցած դեպքերի ընթացքում: Նա հետմահու արժանացել է Ուկրաինայի հերոսի կոչման: