Չինաստանի Հյունան նահանգում կապարից թունավորվել է 1354 երեխա: Ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, 1354 երեխայի մոտ արյան մեջ կապարի բարձր չափաբաժին է նկատվել, որոնք բոլորն էլ ապրում են Վենտպին քաղաքում գտնվող մանգանի վերամշակման գործարանի մոտ: Ներկայումս ձեռնարկության աշխատանքները դադարեցված են, ղեկավարներից երկուսը՝ ձերբակալված:
Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում սա արդեն Չինաստանում կապարից երեխաների զանգվածային թունավորման երկրորդ դեպքն է: Ավելի վաղ Շանսի նահանգում Dongling Lead and Zinc Smelting Co հալեցման գործարանի գործունեության հետևանքով 600 երեխա թունավորվել էր կապարից:
Կապարից թունավորումները չափազանց վտանգավոր են, քանի որ այդ նյութը կարող է երկար ժամանակ մնալ մարդու հյուսվածքներում և ոսկորներում: Հիվանդության հիմնական ախտանիշներն են ուժեղ գլխացավը, հյուծվածությունը, հոգեսենսորային խանգարումները, որոնցից են տեսողական և լսողական պատրանքները:




























