Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի առաջին կանգառը կլինի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Երեւանի Զվարթնոց օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո Ռուսաստանի նախագահն ուղեւորվել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կդնի զոհերի հիշատակին։

Նշենք, որ հայ-ռուսական պաշտոնական բանակցությունները կշարունակվեն վաղը՝ օգոստոսի 20-ին։ Սկզբում դրանք կանցնեն նեղ շրջանակում, իսկ հետո երկու երկրների առաջնորդներին կմիանան պատվիրակությունների անդամները։

ՌԴ նախագահի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված՝ մասնավորապես ռազմական, ատոմային էներգիայի եւ առեւտրատնտեսական ոլորտներին առնչվող մի շարք համաձայնագրեր եւ պայմանագրեր։ Այնուհետ երկու երկրների առաջնորդները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ստորագրվելիք փաստաթղթերի թվում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության՝ 49 տարով  երկարաձգելու մասին արձանագրությունը։

Օգոստոսի 20-ին Մեդվեդեւը եւ Սարգսյանը կայցելեն Գյումրի, որտեղ կմասնակցեն «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման տոնական արարողությանը։ Այնուհետեւ երկու նախագահները կմիանան ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին։ Սեւանա լճի ափին կայանալիք ոչ պաշտոնական հանդիպումը ՀԱՊԿ թվով 4-րդ գագաթնաժողովն է լինելու:

Այցելության նախօրեին  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ փաստաթղթերը, որոնք պատրաստվում են երկու երկրների կողմից Դմիտրի Մեդվեդեւի Երեւան այցելության համար, ընդգրկում են քաղաքական,  ռազմավարական, տնտեսական եւ մարդասիրական՝ ընդհանուր առմամբ բոլոր այն ոլորտները, որոնք բնութագրող են երկու շատ մոտ պետություններին։

«Իհարկե, քննարկումից դուրս չեն մնա նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները։ Հետխորհրդային երկրների տարածքում մենք սերտորեն համագործակցում են ոչ միայն ԱՊՀ շրջանակներում, այլեւ ՀԱՊԿ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես դիտորդ, նաեւ եվրոպական կառույցների՝ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի միության, ՄԱԿ-ի շրջանակներում։ Այնպես որ իրավիճակն աշխարհում այսօր հեշտ չէ, եւ ես համոզված եմ, որ երկու նախագահներն այդ առումով եւս քննարկելու բան կունենան»-հայտարարել է Լավրովը։