Ռուսական կողմը Ախալքալաքում եւ Բաթումիում տեղակայված ռուսական ռազմաբազաները դուրս բերելու ժամանակ պարտավորություն է ստանձնել, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի համար նախատեսված զենք-զինամթերքը, ոչ մի դեպքում չպետք է օգտագործի Ադրբեջանի դեմ: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը: «Մենք հույս ունենք, որ ռուսական կողմը հետագայում եւս կպահպանի իր պարտավորությունը` չօգտագործել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինված ստորաբաժանումներն ու ռեսուրսները ընդդեմ Ադրբեջանի»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»:



























