«Գործող կլանի համար նոր ոճ չի, երբ աճեցնում են քաղաքական ուժերի, հետո օգտագործում նրանց: Վերջինները այս ցուցակում Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանն էին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը:

Հարցին, թե կիսում է տեսակետը, թե այժմ իշխանությունները՝ հանձինս ՀՅԴ-ի, փորձում են ընդդիմության մեջ «ազգային բեւեռ» ստեղծելով՝ լղոզել ընդդիմադիր դաշտն ու կոտրել միասնականությունը, Պ. Մակեյանը պատասխանեց. «Չի բացառվում: Հիմա, երբ Գեղամյանի ու Բաղդասարյանի մասով այդ ռեսուրսը մաշվել է, իշխանությունները փորձում են նույն գործընթացը սկսել այս անգամ Դաշնակցության միջոցով: Բայց կարծում եմ, որ մեր ժողովուրդն այնքան խոհեմ է դարձել, որ դժվար թե նույն կուտը նորից կուլ տա: Այսինքն այս հաշվարկի մեջ, իրոք, ե՛ւ Դաշնակցությունն է սխալվել ե՛ւ իշխանությունը»:

Նրա խոսքով, մեր հասարակությունն, իրոք տեղեկատվության պակաս ունի, քանի որ «17 հեռուստաալիք նույն ապատեղեկատվությունն են տարածում եւ ուղորդվում մեկ կենտրոնից, բայց ժողովուրդը այդ ամենը տեսնելով իրականությունը հասկանում է, ողնաշարով զգում է ամեն ինչ, եւ իշխանությունները չեն կարող նույն ջուրը երկրորդ անգամ մտնել»: