Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ օգոստոսի 21-ին այցելել է Լոռու մարզ, մարզպետ Արամ Քոչարյանի, «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի ուղեկցությամբ: Նա այցելել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող Սպիտակի թիվ 1 եւ Վանաձորի թիվ 22 դպրոցներում:
Շինարարությունը մեկնարկել է երկու ամիս առաջ, ներկայումս կառուցվում են դպրոցների սպորտային եւ հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը: Պատասխանատուն փոխվարչապետին տեղում ներկայացրել է կառուցվող շինությունների նախագծերը: Տեղեկացրել է, որ աշխատանքներն ընթանում են ողջ ծավալով եւ ըստ սահմանված ժամանակացույցի` իրականացվել է աշխատանքների 10-15 տոկոսը: Հիմնականում ավարտվել են դպրոցների տարածքների հարակից ենթակառուցվածքների` գազատարի, ջրագծի եւ կոյուղագծի տեղափոխման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության կողմից:
Սպիտակի թիվ 1 եւ Վանաձորի թիվ 22 դպրոցներում շինարարությունն իրականացնում են համապատասխանաբար «Շինարար» ՍՊ եւ «ՈւկրՇին» ԲԲ ընկերությունները:
ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով Լոռու եւ Շիրակի մարզերում կվերակառուցվի 6 դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է:


























