Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի հետ կայացած հանդիպումներին:

Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցությունն ավարտել է հանդիպումները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Ի՞նչ հարցեր են քննարկվել:

Բավականին լուրջ քանակի առաջարկություններ ենք ներկայացրել, որոնց մեծ մասը կքննարկվի նաեւ Ազգային ժողովում:

Բոլոր հոդվածները մեկ առ մեկ քննարկել ենք, բոլոր դրույթներով անցել ենք մեկ առ մեկ: Երկու օրէ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 19:00-ն, քննարկել ենք: Չկա մի հոդված, որ բաց թողած լինենք: Ոչ թե գլուխներով ենք քննարկել, այլ հոդված առ հոդված: 300-ից ավելի առաջարկություններ ենք ներկայացրել: Սահմանադրությունում չկան կարեւոր եւ անկարեւոր հոդվածներ: Մենք ներկայացրել ենք եւ տեխնիկական, եւ խմբագրական, եւ սկզբունքային առաջարկություններ: Բոլոր հոդվածները քննարկման առարկա են դարձել:

Երկփուլ ընտրությունների դրույթի վերաբերյալ խմբակցությունը վերջնական որոշո՞ւմ ունի:

Մենք առաջարկել ենք այս դրույթը տեղափոխել Ընտրական օրենսգիրք:

Սա նշանակում է՝ իշխանությունները փոխզիջմա՞ն են գնում: Իսկ կայուն մեծամասնություն ձեւավորելու վերաբերյալ մտահոգություն այլեւս չկա՞:

Ձեւակերպումն այնպիսին կլինի, որ ընդունելի կլինի բոլորի կողմից: Կայուն մեծամասնությունը պետք է ձեւավորվի միանշանակ, ես կողմ եմ դրան, որ հետագայում էլ կառավարություն ստեղծվի: Այս դեպքում հնարավոր են տարբերակներ, որ առաջին փուլից հետո կոալիցիա ձեւավորվի եւ երկրորդ փուլի անհրաժեշտություն չլինի: Հնարավոր է՝ դաշինք ստեղծվի, եւ կայուն մեծամասնությունն այդպես ապահովվի:

Ընտրիչների ինստիտուտի ձեւավորման վերաբերյալ ինչպիսի՞ն է խմբակցության վերջնական դիրքորոշումը:

Կարծում ենք, որ նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը, իսկ ընտրիչների ինստիտուտը պետք է հանվի, որպեսզի քաղաքական փոքրամասնությունների դերակատարությունն ավելի մեծ լինի:

Հայաստան կատարած այցի շրջանակում Վենետիկի հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ Սահմանադրության նոր նախագծով պետք է թույլատրվի նույնասեռ ամուսնությունները:

Այդ հարցը կարգավորված է, այնպիսի ձեւակերպում է տրված, որ նույնասեռական, միասեռական բառերը չլինեն մեր Սահմանադրությունում զետեղված: Չենք ցանկանում, որ հետագայում մեր սերունդները ցանկանան իմաստն իմանալ: Անձամբ իմ առաջարկությամբ այնպիսի ձեւակերպում է կնոջ եւ տղամարդու ամուսնության մասին, որ հարցը փակվում է:

Կարծիք կա, որ կառավարման խորհրդարանական համակարգն արդյունավետ չէ Հայաստանի նման պատերազմական վիճակում գտնվող պետության համար: Այս հարցն ավելի արդիական դարձավ վերջին օրերին, երբ սահմանին լարված իրավիճակ է:

Հարցը կարգավորված է: Խաղաղության ժամանակ հիմնական դերակատարը կլինի պաշտպանության նախարարը, իսկ պատերազմի դեպքում՝ վարչապետը կլինի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը եւ կնշանակի գլխավոր զինվորականը, որը կարծում եմ՝ կլինի շտաբի պետը:

Անվտանգության հետ կապված մենք որեւէ խնդիր չենք ունենա, շատ լավ ձեւակերպում է տրված:

Պարոն Բաղդասարյան, ե՞րբ է նախատեսվում Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն:

Նոյեմբերի վերջին Ազգային ժողովը կավարտի քննարկումները, եւ չի բացառվում, որ դեկտեմբերի սկզբին Հանրապետության նախագահը հանրաքվեի օրը կնշանակի:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը