Շենգավիթի «Փոքր Մայամի» հյուրանոցի մոտ «կանգնող» մարմնավաճառների դեմ պայքարող Վազգեն Կարապետյանի գործն արդեն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարապետյանը «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի հետնամասում, իր հեռախոսը չվերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է Արփինե Հովհաննիսյանի հետ: Վիճաբանության ժամանակ Կարապետյանն իր ձեռքին եղած դանակի հետնամասով, այնուհետեւ ոտքով եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Հովհաննիսյանի դեմքին եւ մարմնի տարբեր մասերին:

Բացի դրանից, Վազգեն Կարապետյանը, քարով դիտավորյալ հարվածել է Քրիստինե Գալոյանին պատկանող «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի ապակուն, կոտրել այն, այնուհետեւ դիտավորությամբ ոտքով հարվածել է նշված ավտոմեքենայի հետին ձախ անվաթեւին:

Ամիսներ անց Կարապետյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տարածքում կայանված ավտոմեքենայի սրահում, դանակ է պահել Իգոր Կովալյովի պարանոցին եւ սպանության սպառնալիք տալով` պահանջել է գումար, սակայն նրա մոտ գումար չի եղել: Նույն օրը նա Իգոր Կովալյովից պահանջել է 10 հազար ԱՄՆ դոլար: Իգոր Կովալյովը համաձայնել է մինչեւ 2015 թվականի փետրվար ամսվա երրորդ տասնօրյակում Վազգեն Կարապետյանին հանձնել 300.000 դրամ գումար, որից հետո հեռացել են:

Նշենք, որ մինչդեռ փաստաբան Ստեփան Ոսկանյանը համոզված է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, քանի որ նա պայքարում է այդ շենքի բակում «կանգնող» մարմնավաճառների դեմ: