Այսօր` սեպտեմբերի 5-ին, տեղի կունենա «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք համաքաղաքային միջոցառումներ: Ավանդական նշվող միջոցառումներից այս տարի եւս կնշվեն Հացի եւ Արհեստների փառատոնները:

Միջոցառումներ տեղի կունենան քաղաքի մի շարք մշակութային օջախներում եւ հասարակական վայրերում: Տեղի կունենա Ջիվանու փողոցի հանդիսավոր բացումը, որն այս տարի տեղական բյուջեով վերանորոգված  8 փողոցներից մեկն  է: 

Այս տարի բարեկարգված Բագրատունյաց այգում կբացվի մանկական խաղահրապարակ, իսկ Կայարանամերձ հրապարակում, Մուշ եւ Անի թաղամասերում տեղի կունենան փոքր համերգային միջոցառումներ գյումրեցի պատանի երաժիշտ-կատարողների եւ պարային խմբերի մասնակցությամբ: 

Երեկոյան, ժամը 20-ին  տեղի  կունենա  մեծ համերգային ծրագիր Գյումրու Կենտրոնական հրապարակում՝ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որի ավարտին սպասվում է շքեղ հրավառություն: