Ֆրանսիացիները պատրաստ չեն 2017թ. նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Ֆրանսուա Օլանդի թեկնածությունը։ Ֆրանսիական IFOP հետազոտական ծառայության անցկացրած վերջին հարցումների համաձայն՝ Ֆրանսուա Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների միայն 19 տոկոսը, հայտնում է Le Figaro-ն։
Եթե Օլանդը որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, ապա նա, հնարավոր է, չանցնի անգամ երկրորդ փուլ։
Հարցումների համաձայն՝ մրցավազքում առաջատար կլինի Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենը։ Նա կարող է հավաքել ընտրազանգվածների ձայների 27 կամ 29 տոկոսը։
Վերլուծական ծառայության տվյալների համաձայն՝ «Հանրապետականներ» աջակողմյան կուսակցության հավանական թեկնածուներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, կարող է հավաքել 25 տոկոս, գրում է ՏԱՍՍ-ը։





























