Կառավարությունից այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանը գրություն է թողել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի զրույցում հայտնեցին նրա հարազատները, որոնք այս պահին գտնվում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում եւ սպասում են վիրահատության ավարտին:
«Գրության բովանդակությանը ծանոթ չենք: Փառք Աստծո, գնդակը մի մասից մտել, մյուսով դուրս է եկել: Աստված տա, ամեն ինչ լավ լինի»,- ասաց Հովհաննիսյանի եղբայրը:
Լյուդվիգ Հովհաննիսյանի վիրահատությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել:




























