Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը UEFA.com-ի հետ զրույցում նշել է իր սաների առաջընթացը եւ հայտարարել, որ գլխավոր նպատակը մարտունակ կոլեկտիվի ստեղծումն է:

«Մենք անցկացրինք երեք ընկերական հանդիպում: Նախապատրաստական փուլի համար նախատեսածն ամբողջովին կատարվել է: Ստուգողական հանդիպումներից բացի, մենք ամեն ամիս հավաք ենք անցկացնում Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների համար: Ես առաջընթաց եմ տեսնում մեր թիմի խաղում, թեեւ դժգոհություն եմ լսում մամուլում եւ երկրպագուներից: Ինձ անհրաժեշտ են ֆուտբոլիստներ, որոնք հավաքականում հաճույքով հանդես կգան: Հիմա ես տեսնում եմ, որ մեր թիմում հենց այդպիսի մարդիկ են հավաքվել: Ինչ վերաբերում է խաղին, ապա անձամբ ես տեսնում եմ մեծ առաջընթաց: Կոլեկտիվում արդեն կա մրցակցություն, ինչը պակաս կարեւոր չէ: Միավորելով երիտասարդությունն ու փորձը` մենք փորձում ենք ստեղծել լավ թիմ, որն ամեն խաղում կպայքարի մինչեւ վերջ: Կարծում եմ` մենք ճիշտ ուղու վրա ենք: Երկրպագուներն ու լրագրողները չգիտես ինչու կարծում են, որ մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում` մոռանալով, որ Հայաստանն ամենեւին համաշխարհային ֆուտբոլի գրանդ չէ: Չարժե մեր թիմից ամեն խաղում հաղթանակ պահանջել: Պետք է պահանջել արժանի խաղ եւ ուժերի ամբողջական ներդրում: Իմ նպատակը Եվրո-2012-ի ընտրական փուլի համար մարտունակ կոլեկտիվ ստեղծելն է: Ուզում եմ, որ մեր մրցակիցներն իմանան` Հայաստանի հավաքականի հետ խաղում հեշտ չի լինելու»,- ասել է Վարդան Մինասյանը:   

Նա հույս է հայտնել, որ իր սաները կկարողանան արժանավայել անցկացնել առաջիկա ընտրական փուլը. «Բոլոր թիմերը հավասար են, սակայն որպես կանոն այսպիսի խմբերում խաղալն ավելի բարդ է, քան այն խմբում, որն ունի ակնհայտ ֆավորիտ: Իռլանդիայի և Ռուսաստանի ուժը կասկածի տակ չի դրվում, սակայն, ով է ասել, որ Մակեդոնիան ու Սլովակիան թույլ թիմեր են: Նույնիսկ Անդորրայի հետ հեշտ չի լինի: Այդուամենայնիվ, ամեն խաղին մենք դուրս ենք գալու հաղթելու նպատակով`անտեսելով մրցակցի կարգն ու հեղինակությունը: Հավաքականում ինձ անհրաժեշտ են հայրենասերներ եւ այս պահին մենք հենց այդպիսի թիմ ունենք»: