Կառավարությունից այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանի դեպքով քրեական գործ է հարուցվել:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նա այժմ գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, վիճակը ծանր է:




























