Գեղարքունիքում սեպտեմբերի 5-ին երեկոյան զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

NEWS.am-ը Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի 86 ST 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը մահացել է, մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը եւ ենթասպա Գեւորգ Ավետիքի Վարդանյանը մահացել են քիչ անց՝  ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:

Զինծառայողներ՝ մայոր Սեւակ Տիգրանի Գասպարյանը եւ կրտսեր սերժանտ  Հարություն Հրանտի Միրզոյանը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: