Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանին սեպտեմբերի 7-ին Հայաստան- Դանիա խաղի ժամանակ ստադիոնից հեռացնելու ժամանակ վնասվածք հասցնելու դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանությունը Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից սեպտեմբերի 7-ին հաղորդում է ստացել, որ աջ ոտքի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Շահեն Հարությունյանը:
Հիվանդանոց մեկնած խումբը պարզել է, որ Շահեն Հարությունյանը վնասվածքը ստացել է «Հանրապետական» ստադիոնում, անհայտ անձը հրել է Շահենին: Վերջինս հրաժարվել է դեպքի մասին հաղորդում տալ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում քննություն:
Հիշեցնենք, որ խաղի մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել էր Շահենի հետ, նրան հորդորել չկրկնել Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ՝ զգուշացնելով, որ դա բացասաբար կանդրադառնա հավաքականի վրա։ Ավելի ուշ՝ խաղի ավարտից րոպեներ, անհայտ անձինք շրջապատել են Շահեն Հարությունյանին եւ հրելով հեռացրել ստադիոնից:
«Բրթելով մի քսան աստիճան իջանք, ու ոտքս ոլորվեց»,- NEWS.am-ի թղթակցին պատմել էր Շահենը:





























