Սակրամենտոյում դատում են Կալիֆորնիայի չորս բնակիչների ՝ Ռուսլան Կիրիլյուկին, Միհրան Մելքոնյանին, Ալեքսանդր Մասլովին ու Ռուսլան Ահմերովին: Նրանց մեղադրում են բանկային խաբեբայության մեջ: Հայտնում են, որ կասկածյալները կողոպտել են 119 000 բանկային հաշվեհամարներ, նրանց մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում՝ մեղադրանքի 23 կետերից յուրաքանչյուրով:

Ըստ դաշնային դատախազության մամուլի հաղորդագրության, չարագործների քառյակը օգտվելով ոչինչ չկասկածող քաղաքացիներից գողացված անձնական տեղեկություններից, փող էր հանում American Express-ի հաճախորդների վարկային քարտերից: Հանցավոր գործունեության հետեւանքով խաբեբաներրը կողոպտել են 119 հազար բանկային հաշվեհամար: Օգտվելով ապօրինի ճանապարհով հայթայթած տեղեկություններից, կասկածյալ խաբեբաները փոքր գումարներ են հանել American Express վարկային քարտերի բազմաթիվ տերերի հաշվեհամարներից՝  այդ թվում PayPal-ի միջոցով: Ֆիկտիվ վճարումները կատարվել են ֆորմալ կազմակերպությունների միջոցով:

Չարագործները գործել են 2011 թ հոկտեմբերից մինչեւ 2014 թ. մարտ ժամանակահատվածում, հայտնում է Slavicsac-ը:

35-ամյա Միհրան Մելքոնյանը՝ Սակրամենտոյից ու 41-ամյա Ռուսլան Ահմերովը՝ Լոս Անջելեսից, մեղադրվում են 23 հոդվածներով ՝ այդ թվում ԱՄՆ փոստի ու բանկային համակարգի նկատմամբ իրականացված խաբեբայությունների համար: Հիշեցնենք, որ դատարանը անցած տարվա դեկտեմբերին մեղավոր է ճանաչել Ահմերովին, ով հիմա սպասում է դատավճռին:

Միաժամանակ դատարանը մեղադրում է նաեւ 37 -ամյա Ռուսլան Կիրիլյուկին ՝ Լոս Անջելեսից ու 34-ամյա Ալեքսանդր Մասլովին՝ Սակրամենտոյից, փոստային կողոպուտի 23 դեպքերի համար: Կիրիլյուկին վերագրում են լուրջ հանցագործության առնվազն մեկ դեպք:

Մելքոնյանը ապրիլի կեսերից կալանքի տակ է գտնվում, իսկ Մասլովը ձերբակալվել է Սակրամենտոյի իրավապահ մարմինների կողմից սեպտեմբերի 1-ին, հետո նրան գրավով ազատ են արձակել: Դաշնային դատարանը տվել է նաեւ Կիրիլյուկի ձերբակալության օրդերը:

Եթե կասկածյալների մեղքը ապացուցվի ՝ նրանց սպառնում է մինչեւ 20 տարի ազատազրկում ու 250 000 դոլար տուգանք ՝ մեղադրանքի յուրաքանչյուր կետով: Բացի դրանից Կիրիլյուկի պատիժը կարող են երկարացնել եւս երկու տարով ՝ անձնական տվյալների գողության համար: