«Ռուսական երկաթուղիները» Հայաստանի փորձը կօգտագործի անվտանգության նորմատիվներ կազմելու համար։ Այս մասին Երեւանում Երկաթուղային տրանսպորտով երթեւեկության անվտանգության հարցերով խորհրդի նիստում հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ»-ի անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Կոսարեւը։ Նրա խոսքով՝ իրենք սերտորեն համագործակցում են «Հարավկովկասյան երկաթուղու» հետ անվտանգության ոլորտում։
«Իհարկե մենք Հարավկովկասյան երկաթուղու ճանապարհին անվտանգության մոնիթորինգ ենք անցկացնում որպես այն կառավարող ընկերություն։ Իսկ այսօրվա հանդիպմանը մենք քննարկել են նաեւ համախմբված հաշվետվության հարցը, որպեսզի մոնիթորինգ անենք ոչ միայն ենթակառուցվածքի վիճակը, այլ նաեւ շարժական կազմը»,- պարզաբանել է Կոսարեւը։
Հարցին, թե կարելի է արդյոք Հայաստանում երկաթուղու անվտանգության ենթակառուցվածքները համեմատել ռուսականի հետ, Կոսարեւը պատասխանեց. «Կուզեի ասել՝ այո։ Բայց այսպես թե այնպես մեր ամբողջ փորձը մենք մեծ հաճույքով կկիրառենք ձեր երկաթուղիների վրա, որպեսզի վագոնները դուրս չգան գծերից եւ բախումներ քիչ լինեն։ Արդյունքը դուք ինքներդ եք տեսնում։ Հայաստանի փորձը ունիկալ է, շատ կարեւոր, եւ օգնում է մեզ նորմատիվ-իրավական բազա ձեւավորել»,- հավելեց Կոսարեւը։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ ՌԵՈՒ ԲԲԸ-ի դուստր ընկերությունը, 2008 թ. փետրվարից սկսած ստանձնել է հայկական երկաթուղիների կոնցեսիոնային կառավարումը ՝ 30 տարվա ժամկետով ու 10 տարի երկարաձգելու իրավունքով:





























