ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ռիսկերի նվազեցման գործակալությունը սեպտեմբերի 9-ին Հայաստանի Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությանն է փոխանցել «Տոյոտա» մակնիշի հատուկ պրոֆեսիոնալ բազմագործառույթ մեքենա՝ կցասայլով ու սարքավորումներով, հայտնաբերման,  նմուշներ վերցնելու ու վնասազերծելու տեխնիկայով, ինչպես նաեւ անհատական պաշտպանության միջոցներով: Այդ բոլոր սարքավորումները նախատեսված են կենսաբանական արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համար:

Հայաստանի Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի խոսքով՝ այսօր Հայաստանն ունի մեքենա լաբորատորիա, որը կարող է հայտնաբերել վարակիչ հիվանդությունները եւ օգնել դրանց տարածումը կանխարգելուն: «Մենք արդեն ունեինք արագ արձագանքման խումբ, որի օգնությամբ 10-15 րոպեի ընթացքում նոր մեքենան կարող է մեկնել ու տեղում ախտորոշել ցանկացած վարակիչ հիվանդություն ու կանխել դրա տարածումը: Սա մեր հանրապետությունում առաջին շարժական լաբորատոր սարքավորումն է »,- հավելել է փոխնախարարը:

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Վուդվարդ Քլարկ Փրայսն էլ իր հերթին նշել է . «Ինչպես գիտեք, կենսաբանության ոլորտում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի համագործակցության ծրագրի նպատակն է փոխգործողություններ հարթել գործընկեր երկրերի հետ ՝ վարակիչ ու առանձնահատուկ վտանգավոր հիվանդությունների՝ այդ թվում երկրի անվտանգությանը սպառնացող նյութերի վտանգը նվազեցնելու գործում: Մեր նպատակներից մեկն է Հայաստանում զարգացնել վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ու կանխման հմտություններ»: Արագ կենսաբանական արձագանքի այս մեքենան, ամերիկյան դիվանագետի խոսքով, հանրավոր կդարձնի համապատասխան արձագանքումը Հայաստանի ամբողջ տարածքում: «Ընդհանուր առմամբ սա Հայաստանի ու ԱՄՆ-ի համագործակցության եւս մեկ լավ օրինակ է»,- ամփոփել է Վուդվարդ Քլարկ Փրայսը, հանդիսավոր կերպով հանձնելով հատուկ մեքենայի բանալիները ՀՀ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանին:

Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կենսաբանության ոլորտում  համագործակցության ծրագրի շրջանակում ԱՄՆ ռիսկերի նվազեցման գործակալության գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում նախորդ 5 տարիներին մի շարք համատեղ ծրագրեր են իրականացրել: ԱՄՆ աջակցությունն ուղղված է եղել՝ Հայաստանում հետազոտությունների անցկացման նպատակով կիրառվող պաթոգեն միկրոօրգանիզմների հուսալի պահպանման համար նախատեսված կառույցների շինարարությանն ու վերանորոգմանը: