Անշնորհակալ գործ է Բաղրամյան պողոտայի ցույցերում մայդան փնտրելը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հայտարարությունը, թե Հայաստանում բողոքի ցույցերը մայդանի փորձ էին։

«Նա, ով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը կապում է մայդանի հետ, կամ շատ վատ գիտի Հայաստանը, կամ այդ բողոքի ցույցի աղբյուրները եւ ծանոթ չէ իրավիճակին։ Բաղրամյանի իրադարձությունները քաղաքական չէին, դա քաղաքացիական նախաձեռնություն էր, որի ժամանակ երկրի բնակիչները փողոց էին դուրս եկել սոցիալական խնդիր լուծելու համար»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ այս մասին բազմիցս բարձրաձայնել է ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ նրա առանձին անդամները։

Ինչ վերաբերում է ԵՄ դրոշներին, ապա Շարմազանովի խոսքով՝ մեր երկրում ցանկացած միջոցառման ժամանակ, որտեղ դրոշ բարձրացնելու կարիք կա, պետք է ծածանվի միմիայն հայկական եռագույնը։ «Հայկական եռագույնի կողքին ուրիշ ոչ մի դրոշ չպետք է բարձրանա, լինի դա ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի կամ այլ երկրի ու կազմակերպության դրոշը։ Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է, եւ որեւէ այլ դրոշների ի հատ գալը ինձ համար անհասկանալի է ու անընդունելի»,- նշեց նա։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ ոչ միայն Բաղրամյանի ցույցերի ժամանակ, այլ նաեւ դրանից ամիսներ անց թե՛ ռուսական մամուլը, թե՛ ՌԴ բարձրաստիճան  պաշտոնյան շարունակում են նման հայտարարություններ անել եւ մայդան փնտրել, Շարմազանովը պատասխանեց. «Պատճառները կարող են շատ տարբեր լինել, այդ թվում՝ անհանգստությունը։ Միանշանակ է այն, որ Բաղրամյան պողոտայի ցույցերի առաջին օրերին ռուսական մամուլը այնտեղ մայդան էր տեսնում։ Որոշ ժամանակ անց նրանց միացան արեւմտյան լրատվամիջոցները՝ փորձելով ցանկալին իրականության տեղ անցկացնել։

Մինչ ռուսական  մամուլը առաջին օրերին սխալմամբ մայդանի հետք էր փնտրում, արեւմտյան լրատվամիջոցները փորձում էին մարդու իրավունքների ոտնահարումներ, իշխանությունների ոչ ժողովրդավարական մոտեցում, Ոստիկանության սխալ գործողություններ գտնել։ Ի միջի այլոց, ուզում եմ նշել, որ մեր ոստիկանները շատ ավելի կոռեկտ եւ ժողովրդավար են իրենց պահել, քան այդ արեւմտյան երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք անհանգստացած էին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումներով»։

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ դա հետեւանք է այն բանի, որ Ռուսաստանը, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն տարածաշրջանում իրենց շահերն ունեն, եւ ամեն մեկն անհանգստանում է՝ ելնելով իր շահերից։