Սեպտեմբերի 10-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը իրազեկման ավտոերթ կանցկացնի: Այս մասին ասվում է «Ոչ թալանին» նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

Ավտոերթը կմեկնարկի ժամը 17:30-ին, Երևանի Բրազիլիայի հրապարակից: Նախաձեռնության անդամները մեքենաներով կշրջեն մայրաքաղաքի կենտրոնական և հարակից շրջաններով` մարդկանց իրազեկելով սեպտեմբերի 11-ի իրենց հանրահավաքի մասին:

«Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի հավաք-երթի նախօրեին` սեպտեմբերի 10-ին, «Ո՛չ Թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է ավտոերթ: Այն կմեկնարկի Բրազիլիայի հրապարակից (Հրազդան մարզադաշտին հարակից ավտոկայանատեղիից)` ժամը 17:30-ին: Ավտոերթի նպատակն է` իրազեկել մարդկանց սեպտեմբերի 11-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաք-երթի մասին: Կշրջենք Երևանի կենտրոնական և հարակից շրջաններով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ին երեկոյան ժամը 18:30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի մեծ հավաք-երթը: Հավաքվածները երթով կշարժվեն դեպի Բաղրամյան 26: