Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարլոս Դ. Սորրետան (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու կարողություններն ամբողջությամբ կներդնի Հայաստանի եւ Ֆիլիպինների միջեւ հարաբերությունների զարգացման եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու Ֆիլիպինների հետ քաղաքական երկխոսությունը, սերտացնելու կապերը միջխորհրդարանական եւ միջկառավարական մակարդակներում, զարգացնելու համագործակցությունը տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում, որտեղ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, զգալի աշխատանք կա իրականացնելու: Տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու համար Նախագահը կարեւորել է երկկողմ հաճախակի շփումներն ու փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, կօգնեն ճանաչել փոխադարձ շահերն ու հետաքրքրությունները, ինչպես նաեւ կնպաստեն միջազգային կառույցներում միմյանց օգտակար լինելու համար համապատասխան դիրքորոշումների ձեւավորմանը:
Դեսպան Սորրետան վստահեցրել է, որ առավելագույն ջանք կներդնի հայ-ֆիլիպինյան հարաբերությունները զարգացնելու համար եւ տեղեկացրել է ՀՀ նախագահին, որ արդեն իսկ այդ նպատակով հանդիպումներ է ունեցել Հայաստանում՝ այս ընթացքում կենտրոնացնելով աշխատանքը հնարավոր երկկողմ համաձայնագրերի մշակման ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:






























