Օգտվելով հայկական կողմի համեստությունից` վերջին օրերին Ադրբեջանն սկսել է ռուսական և թուրքական արտադրության մեծ տրամաչափի զենքեր օգտագործել Տավուշի մարզի ուղղությամբ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Մահապարտներ» ջոկատի ազատամարտիկ Գագիկ Մինասյանը` նշելով, որ ադրբեջանցիները խուճապի մեջ են։

«Նույնիսկ իրենց գյուղացիները այլեւս չեն թողնում, որ զորքը իրենց գյուղ մտնի: Փակել են գյուղերը, թույլ չեն տալիս իրենց զինվորը մտնի գյուղ: Նրանք պարզապես իրենց ուզում են ապացուցել, որ որևէ բանի են ընդունակ, սակայն չի հաջողվում»,-ասաց ազատամարտիկը:

Ազատամարտիկ Մարտիկ Մարտիրոսյանի խոսքով`  Ադրբեջանը չունի այն մարտավարությունը, որը հարկավոր է պատերազմի համար:

«Ադրբեջանցիները հարձակվում են գայլի նման,  բայց երբ  հանդիպում են մեր զինվորների դիմադրությանը`  շակալի պես հեռանում են»,- նշեց ազատամարտիկը` հավելելով, որ եթե հակառակորդը ունենար մի չնչին շանս հաղթելու, ապա պատերազմ կսկսեին հենց վաղը: Նրա խոսքով` հակառակորդն ունի քանակ, բայց որակը բացակայում է:

 Ազատամարտիկ Ալբերտ Պողոսյանն էլ վստահեցրեց, որ միշտ կանգնած են սահմանապահ զինվորի կողքին և Աստված չանի  եթե մի բան լինի, մինչև Բաքու կգնան. «Ադրբեջանցի զինվորը չունի հավատ, որ տարածքներ կգրավեն ու հաղթանակի կհասնեն, իսկ մեր զինվորները հավատում են ու վստահում»։