Հայաստանի հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի շարժումն արտառոց չի համարում ու անհանգստության պատճառ չի տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ մյուս օրենքները, կարող են ունենալ կողմնակիցներ կամ ոչ կողմնակիցներ, որոնք չեն կիսի այդ տեսակետը, կունենան այլ մոտեցումներ:Այլ մոտեցումներ ունեցող մարդիկ այս դեպքում «Ոչ»-ի կողմակիցներն են: Որեւէ արտառոց բան չեմ տեսնում դրա մեջ, որ մեզ մտահոգի: Մտահոգիչն այն է, որ պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք «Ոչ»-ի կողմնակիցներին համոզել մեր տեսակետը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով հարցին, որ «Ոչ»-ի շարժմանը քաղաքական ուժեր են միանում, Հովհաննես Սահակյանի նշեց, որ ինքը խնդիր չի տեսնում դրանում. «Այս կամ այն հարցի շուրջ հանրության մոտ կա  խնդիր, ակտիվիստները փորձում են այդ խնդիր լսելի դարձնել, իսկ եթե կան այնպիսի տեսակետներ, որ քաղաքական ուժերը կիսում են, թող միանան»:

Հարցին` արդյոք «Ոչ»-ի շարժմանը կհաջողվի տապալել Սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հովհաննես Սահակյանը նպատակահարման չհամարեց պատասխանել:

Նշենք, որ «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժման նախաձեռնած` Սահմանադրական բարեփոխումների դեմ «ՈՉ»-ի շարժումը սեպտեմբերի 12-ին միասնական համաժողով է նախատեսում անցկացնել: Ըստ կազմակերպիչների` համաժողովին մասնակցելու են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ու հասարակական կազմակերպություններ։