Հայաստանի առողջապահության նախարարությունը լաբորատոր հետազոտությունների արդյունքում բացահայտել է օգոստոսի 19-ին Հրազդանի կիրճի «Գեղամա» ռեստորանում զանգվածային թունավորման դեպքը, երբ հիվանդանոց էին տեղափոխվել հարսանիքի մասնակից 41 հոգի:

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի շարք նմուշներից անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ եւ էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկ, ինչով եւ պայմանավորված էր սննդային թունավորումը»,- NEWS.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 23-ի դրությամբ, «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները դեռեւս շարունակվում են, բոլոր հիվանդները դուրս են գրվել:

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին տեղեկություն էր ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել 41 քաղաքացի. 22-ը` «Արմենիա», 8-ը` «Նորք», 7-ը` «Էրեբունի», 1-ը` «Մուրացան» բժշկական կենտրոններ եւ 2-ը` 3-րդ հիվանդանոց: