Ադրբեջանում գրանցված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ հայտարարության պնդումները հակասում են առողջ բանակությանը։ Այս մասին հայտարարել է «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Սարասար Սարյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով վերոնշյալ ադրբեջանական կազմակերպության նախագահի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Ադրբեջանում ԼՂՀ ընտրությունների դեմ քարոզարշավ է ծավալվում, որի նպատակն է վարկաբեկել ԼՂՀ կառավարման մարմինների ընտրությունները՝ նշելով, որ դրանք անօրինական են, քանի որ այդ ընտրություններին չեն մասնակցում ադրբեջանցիները։
«Այդ հայտարարության տրամաբանությունից ելնելով՝ Ադրբեջանում 1990-ական թթ. հետո տեղի ունեցած բոլոր ընտրությունները պետք է որակվեն որպես անօրինական, քանի որ այդ ընտրություններին համանման կերպով չի մասնակցում Ադրբեջանի մոտ 500-հազարանոց հայ համայնքը, որը 1988-1990թթ. էթնիկ զտումների է ենթարկվել։
Կցանկանայի հիշեցնել, որ 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեի անցկացման պահին հանրաքվեին մասնակցելու հնարավորություն էր տրվել նաեւ Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիներին։ Ցավոք, նրանք չօգտվեցին այդ հնարավորությունից եւ նախընտրեցին ակտիվորեն մասնակցել ԼՂՀ բնակչության դեմ ադրբեջանական իշխանությունների ագրեսիային»,- ընդգծեց Սարասար Սարյանը։





























