Երեւանի քաղաքապետարանն ու նոր ձեւավորված ավագանին ոչ մի կապ չունեն սահմանադրության, տեղական ինքնակառավարման օրենքների հետ: Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ քաղաքապետարանը դարձել է մոնոպոլ կառույց, որը հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը եւ չի կատարում իր տված խոստումները: Դաշնակցական պատգամավորը նաեւ նշել է, որ ավագանու կազմում 2 ուժի մասնակցությունը չի երաշխավորում արդյունավետ աշխատանք: «Նրանք ներկայացնում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց շահերը»,- ասել է Մինասյանը՝ միաժամանակ հավելելով, թե պաշտոնները ոչ թե ընտրվել, այլ նվաճվել են:

Ի դեպ, ՀՀԿ-ից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Հանրապետականների մի զգալի մասը դեռ արձակուրդում է, իսկ նրանք, ումից մեկնաբանություններ խնդրեցինք, պարզապես հրաժարվեցին մեկնաբանել ՀՅԴ-ական պատգամավորի ասածները: