Էլեկտաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ, ինչպես նաեւ մի խումբ քաղաքացիներ, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հավաքվել են Երեւանի Ազատության հրապարակում, որտեղից մերկնարկում է նախաձեռնության հավաք-երթը։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ երթի մեկնարկից առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց հավաք-երթի կազմակերպիչներին չշեղվել նախապես որոշված երթուղուց, այլապես ոստիկանությունը բերման կենթարկի երթի մասնակիցներին։
«Մենք հանդուրժողականություն չենք դրսեւորելու, եթե հարկավոր եղավ, նաեւ ֆիզիկական ուժ կկիրառենք։ Խորհուրդ եմ տալիս չշեղվել նախապես որոշված երթուղուց, հակառակ դեպքում բերման կենթարկվեք»,-ակցիայի կազմակերպիչներին ասաց Օսիպյանը՝ ավելացնելով, որ նրանց թույլ չեն տա ճանապարհներ փակել եւ շարժվել դեպի Բաղրամյան պողոտա։
Օսիպյանի խոսքով` ոստիկանությունը տեղեկություն ունի, որ հավաքի մանսակիցների թվում սադրիչներ կան, որոնք կարող են Բաղրամյան գնալու կոչեր հնչեցնել. «Հետո նրանք հետ են քաշվելու, ասելու են` ժողովուրդն ա այսպես ուզել»։
«Ոչ թալանին»–ին են միացել «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի Հայաստանի» անդամներ։
Նշենք, որ ըստ քաղաքապետարանի արտոնագրի՝ երթը կանցկացվի են Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով եւ, Մաշտոցի պողոտայով, կավարտվի Ազատության հրապարակում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից:
Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ կսուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին եւ մինչեւ 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։
Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























