Ոստիկանությունը Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին ժամանակ տվեց ազատելու համար պողոտայի երթևեկելի հատվածը` հայտարարելով, որ հակառակ դեպքում հասարակական կարգ խախտողները կենթարկվեն պատասխանատվության: Այս մասին Բաղրամյան պողոտայում այսօր` սեպտեմբերի 11–ին նստացույց սկսած «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին եւ նրանց միացած քաղաքացիներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` նշելով, որ նրանք խախտել են «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույքները եւ սահմանափակում քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը, նաեւ շեղվել են նախապես արտոնված երթուղուց: (ֆոտոռեպորտաժ)
«Դուք խախտել եք նախապես արտոնված երթուղուց: Եթե Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասը չազատեք, ոստիկանությունը իրավունք ունի ուժ կիրառելու պողոտան բացելու և երթևեկությունը վերականգնելու համար»,-հայտարարց Օսիպյանը:
Նշենք, որ ցուցարարները գոռում են «Չեղարկում», «Օսիպյան՝ Աշոտյան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Բաղրամյանը մերն է», «Սթափվեք, գժուկներ» և այլն:
Այս պահին Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք մի քանի շարքով պատ են կազմել:
«Ոչ թալանին»–ին են միացել «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի Հայաստանի» անդամներ:
Նշենք, որ ըստ քաղաքապետարանի արտոնագրի՝ երթը պետք է անցկացվեր Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով եւ, Մաշտոցի պողոտայով, կավարտվի Ազատության հրապարակում, սակայն ակտիվիստները շեղվեցին նախապես արտոնված երթուղուց եւ վազելով մտան Բաղրամյան պողոտա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից:
Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ կսուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին եւ մինչեւ 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։
Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























