Սեպտեմբերի 3-ին հակառակորդի գնդակից զոհված 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի ընտանիքը որոշակի օգնություն ստացել է, սակայն շարունակում է ծանր վիճակում մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Թեւոյանի քույրը` Մանյա Թեւոյանը:
«Հայկը միակ աշխատողն էր, 120 հազար դրամով ամբողջ ընտանիքին պահում էր: Հիմա ինքը չկա, բավականին ծանր վիճակ է: Լավ մարդիկ շատ կան, օգնել են, էդ գումարներով էս արարողություններն ենք արել, լվացքի մեքենա են բերել, Երեւանից ձմռան համար փայտ են խոստացել, քաղցրավենիք են բերել: Գումար է հավաքվել հաշվեհամարին»,-ասաց Հայկ Թեւոյանի քույրը` ավելացնելով, որ ընտանիքն այնումամենայնիվ, դեռեւս օգնության կարիք ունի:
Մանյա Թեւոյանը նշեց, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ Հայկ Թեւոյանի 18-ամյա դուստրն ընդունվել է Արթիկի քոլեջ` մանկաբարձական բաժին:
NEWS.am–ի հետ զրույցում Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանն ասաց, որ ընտանիքին օգնելու նպատակով հաշվեհամար է բացվել, օրերս գումարը կփոխանցվի նրանց:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, նպաստառու է:
Հայկ Թեւոյանը Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ անձնական արիության համար հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:





























