Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մոր` Անահիտ Եսայանի դիմումի հիման վրա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել քաղաքացիական գործ, որով վերջինը 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանից 14 մլն. դրամից ավելի փոխատուցում է պահանջում որդու` Կարեն Եսայանի հուղարկավորության ծախսերի համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դատապարտյալի պաշտպան Գեւորգ Գյոզալյանը`ավելացնելով, որ առաջին նիստը կկայանա նոյեմբերին:

Պաշտպանի խոսքով` գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, քանի որ Հարություն Սարգսյանը դիմում էր ներկայացրել` նիստերին իր ներկայությունն ապահովելու պահանջով:

«Գործը Գյումրիից տեղափոխվել է Երեւան, Կենտրոնի դատարանում է, զրոյից պետք է նորից սկսվի: Հարություն Սարգսյանը դիմում էր գրել, որ իր ներկայությունն ապահովվի, դատարանը, պարզելով, որ Հարությունը գտնվում է Երեւանում, գործն իրավացիորեն ուղարկել է Երեւան: Կենտրոն դատարանից գրություն է ստացվել, որ գործը վարույթ է ընդուննել, նիստը նոյեմբերին է նշանակված»,-ասաց Գեւորգ Գյոզալյանը:

Պաշտպանի խոսքով՝ դատավարության նախնական փուլում դեռեւս վաղ է որեւէ դիրքորոշում հայտնել հայցի հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ:

«Ապացուցողական բազան այս պահի դրությամբ դեռեւս թույլ է, բայց դա չի նշանակում, որ հաջորդ նիստին նրանք ապացույցներ չեն ներկայացնի: Այսինքն` մենք գտնվում ենք նախնական դատաքննության փուլում, որտեղ պետք է ապացույցներ ներկայացնեն»,- ասաց պաշտպանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռը` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարանում, որն անփոփոխ էր թողել դատավճիռը: