Ամերիկյան Միսիսիպի նահանգի Delta State համալսարանում հրաձգության մեջ կասկածվող, աշխարհագրության ուսուցիչ Շենոն Լամբն ինքնասպան է եղել ձերբակալության փորձի ժամանակ:

Ոստիկանությանը հաջողվել է Լամբին հայտնաբերել Գրինվիլ քաղաքի մոտակայքում: Տեսնելով իրավապահներին, նա փորձել է փախչել, որից հետո հրազենից կրակել իր վրա: Լամբին տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AP գործակալությունը:

45-ամյա Լամբը կասկածվում էր նաեւ 41-ամյա Էմի Փրենթիսի սպանության մեջ, որի հետ ապրում էր: Կնոջ մարմինը հրազենային վնասվածքով հայտնաբերել էին սեպտեմբերի 14-ի առավոտյան, իր տանը:

Նշենք, որ Delta State-ի շենքում հրաձգության հետեւանքով մահացել է այդ բուհի դասախոս, պրոֆեսոր Իթան Շմիդթը: Բուհի ղեկավարությունը մի քանի օրով դադարեցրել է դասերը: