Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը, որը սեպտեմբերի 13-ին ուշ երեկոյան մահացու ելքով վրաերթ էր կատարել, սարսափելի ծանր է տանում կատարվածը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
«Ողբերգական դեպք է տեղի ունեցել, ճանապարհային վթար, ինչի հետեւանքով մարդ է զոհվել: Բոլորս էլ ծանր ենք տանում կատարվածը, Արմանն ավելի սարսափելի վիճակում է: Ցավում ենք կատարվածի համար»,- ասաց Դավիթ Օհանյանը, որը դեպքից հետո զրուցել է Եդոյանի հետ:
Օհանյանի խոսքով՝ վարչության պետը սթափ վիճակում է եղել, դա ապացուցված է նաեւ փորձաքննությամբ. «Արմանը դեպքից անմիջապես հետո «Շտապօգնություն» եւ ոստիկանություն է կանչել, այնուհետեւ ներկայացել ոստիկանություն: Մնացածն էլ քննությամբ կպարզվի»:
Ի դեպ, Եդոյանն այսօր աշխատանքի չի գնացել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. սեպտեմբերի 13-ին ժամը 22:30-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը տեղում մահացել է:
«Լեքսուս» ամենագնացի ղեկին եղել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:





























