ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը երեքշաբթի Տաջիկստանում մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվել է 2016թ. կազմակերպության գործունեության առաջնայնությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դուշանբեում կայացած նիստում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը, ինչպես նաեւ 2016թ. կազմակերպության գործունեության առաջնայնությունները։
Մասնավորապես սահմանվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման զինվորական կոնտինգենտների համագործակցության պլանը եւ արտակարգ իրավիճակում հավաքական արձագանքման համակարգի գործունակության հեռանկարները։
Հաղորդվում է, որ որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հաջորդ նիստը հրավիրել 2016թ. Երեւանում։
ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովը ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության ոլորտում համագործակցության համակարգման խորհրդատվական եւ գործադիր մարմինն է։





























