Լոռու մարզի Կուրթան գյուղում օգոստոսի 28-ին սպանված 16-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողի հայրը ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալ Սեյրան Գեւորգյանի փաստաբան Ադելինա Հակոբյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ին սպանված երիտասարդի հոր ձերբակալությանը

«Վարդան Գեւորգյանի հորը ոստիկաններն են ձերբակալել, Սեյրան Գեւորգյանի տունը հրդեհելուց հետո: Ձերբակալությունից հետո ենք իմացել, որ տունը հրդեհել են, գնացել ենք ոստիկանություն եւ Վարդան Գեւորգյանի հորը հարցաքննելուց հետո նաեւ իմ պաշտպանյալն է հարցաքննվել»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Կուրթանի գյուղապետը մեզ հետ զրույցում պնդել էր, որ Վարդան Գեւորգյանի հայրը հրդեհի հետ որեւէ առնչություն չունի, ինքն ընդամենը ապակիներն է կոտրել:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվող Սեյրան Գեւորգյանի ընտանիքը Կուրթանից հեռացել է: Այնուամենայնիվ, կրքերն այս գյուղում չեն հանդարտվում: Օրեր առաջ էլ հրդեհել էին մեղադրյալի ընտանիքի տունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:

Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:

Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում: