«Չեխական ավիաուղիները» նախատեսում է վերամեկնարկել իր Երեւան-Պրահա չվերթները 2015թ դեկտեմբերի 13-ից:
«Չեխական ավիաուղիներ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայումս երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ ծննդյան եւ Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները. Երեւան-Պրահա միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88,960 ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը` սկսած 162,460 ՀՀ դրամ, ներառյալ` հարկերը եւ վճարները:
Չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երեւան-Պրահա եւ հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երեւանից կլինի երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին ժամը` առավոտյան 5:20, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի եւ կիրակի օրերին ժամը` 21:55, որը Զվարթնոց միջազգային օդանավակայն կհասնի առավոտյան ժամը 4:30, հաջորդ օրը: Չեխական ավիաուղիները կոնկրետ օրերի համար` 2015թ դեկտեմբերի 26-ին, 2016թ հունվարի 2-ին եւ 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը շաբաթ օրերին:
Երեւան-Պրահա չվերթները իրականացվելու են Էյրբաս A319 ինքնաթիռով, որը ունի եւ էկոնոմ, եւ բիզնես կարգի նստատեղեր:
«Ներկայումս Չեխական ավիաուղիների Երեւանյան չվերթները իրականացվելու են 2015թ դեկտեմբերի 13-ից մինչեւ հունվարի 16-ը: Փորձելով վերականգնել դեպի Երեւան չվերթները մենք պետք է շատ ուշադիր լինենք կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը սեզոնով պայմանավորված շատ անհավասարակշիռ է»,-նշել է Չեխական ավիաուղիների կոմերցիոն, միավորման եւ մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը եւ ավելացրել. «Ինչ վերաբերվում է չվերթների հետագա իրականացմանը մենք ուսումնասիրել ենք 2016թ ամռանը չվերթների իրականացման տարբեր մոդելներ, սակայն դեռ որեւէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի եւ դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար»:




























