Այսօր՝ սեպտեմբերի 15-ից Հայաստանի սպառողներն արդեն կարող են վճարել օգոստոս ամսին սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: «ՀԷՑ» սեպտեմբերի 12-ից փոստային եւ բանկային ծառայություններին է ուղարկել էլեկտրաէներգիայի նախորդ ամսվա վճարումները օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա: Բնակիչ-բաժանորդներն իրենց անդորրագրի վրա հնարավորություն կունենան տեսնել ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը նոր սակագնով, ինչպես նաև հաշվիչի ցուցմունքները: Առանձին նշված կլինեն ինչպես բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող գումարը:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից:
«Մենք ուրբաթ օրը օգոստոս ամսվա վճարումները ուղարկել ենք բանկերին եւ փոստերին, որտեղ մեր կողմից ծրագրային փաթեթ է ներդրված, պետք է ադապտացվեն դրան: Քաղաքացիներին կտրվի անդորրագիր, որտեղ նշված կլինի որքան են իրենք վճարում, եւ որքանն է Կառավարությունը սուբսիդավորում»,-ասացին ՀԷՑ-ից:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:




























