Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման:

Դատավճռի պահին Հայկ Կյուրեղյանը նիստերի դահլիճում չէր, քանի որ ավելի վաղ դատավորը նրան հեռացրել էր ոտքի չկանգնելու պատճառով:

Դատարանի որոշմամբ Հայկ Կյուրեղյանից հօգուտ տուժող Քրիստինե Սարդարյանի կբռնագանձվի 284 հազար դրամ, որպես վնասների փոխհատուցում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին դատարանի դիմաց մեծ թվով քաղաքացիներ են հավաքված, որոնք բողոքում են դատավճռի դեմ:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն, ասաց, որ 9 տարին չափազանց շատ էր եւ այս քայլով իշխանությունները ապացուցեին, որ  թույլ են եւ վախենում են պայքարող քաղաքացիներից:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան:

Լուսանկարները՝   Մելինե Տոնոյան