Եվրամիությանը համակած միգրացիոն ճգնաժամը հաստատել է կազմակերպությունում բարեփոխումներ անելու անհրաժեշտությունը, որի մասին խոսում էր Մեծ Բրիտանիան։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ՝ չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում, որը նա տվել էր Մամուլի լեհական գործակալությանը։
«Մենք ուզում ենք, որ անդամ երկրները կարողանան ազատ որոշումներ կայացնել՝ սոցիալական համակարգերում օտարերկրացիներին մուտք տրամադրելու հարցում, որպեսզի դրանով սահմանափակեն որոշ գործոններ, որոնք վերջին տասնամյակներում հանգեցրել են դեպի Եվրոպա զանգվածային ներգաղթի»,– ասել է նա ՝ շեշտելով, որ միաժամանակ կարեւոր է պահպանել ազատ տեղաշարժի նորմերը, հայտնում է «ՏԱՍՍ»–ը։
«Ճշմարտությունը հետեւյալն է, որ ԵՄ հիմնադիր հայրերը չէին կանխատեսում զանգվածային միգրացիայի այնպիսի մակարդակ, որին մենք ականատես ենք լինում վերջին տարիներին։ Վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ Մեծ Բրիտանիայում վերջին մեկ տարվա ընթացքում ներգաղթի մակարդակը 41 տոկոսով ավելացել է, որից 39 տոկոսը աշխատանք գտնելու նպատակով ներգաղթածներն են։ Միգրացիայի նման բարձր մակարդակը ազդում է հանրային ծառայությունների իրականացման վրա ՝ դպրոցից սկսած մինչեւ հիվանդանոց, դրա համար էլ մենք պետք է միջոց գտնենք, որպեսզի անդամ երկրներին տանք այս գործընթացն ավելի լավ վերահսկելու հնարավորություն։ Բարեփոխումները, որոնք ես առաջարկում եմ, ողջամիտ են ու գործնական, քանի որ դրանց հիմքում այն է, որ պետք է սահմանափակել այն, ինչը մարդկանց գրավում է Մեծ բրիտանիայում»,– հավելել է Քեմերոնը։
«Հավատում եմ, որ այն բարեփոխումները որոնք մենք ուզում ենք անել, ձեռնտու կլինեն ոչ միայն Մեծ Բրիտանիային, այլեւ Լեհաստանին եւ ԵՄ մյուս պետություններին։ Օրինակ, մենք ուզում ենք, որ ԵՄ –ն դառնա տնտեսական աճի, այլ ոչ թե ճահճացման աղբյուր, ինչը հնարավոր է անել միացյալ շուկայի ստեղծումն ավարտելու եւ աշխարհի ամենաարագ զարգացող երկրների հետ համաձայնագրեր կնքելու միջոցով։ Մենք ուզում ենք ձայնի ավելի շատ իրավունք տալ ազգային խորհրդարաններին»,– հիշեցրել է Բրիտանիայի վարչապետը։
Քեմերոնը ԵՄ-ի միգրացիոն ճգնաժամի մյուս հնարավոր լուծումներից է համարում օգնության տրամադրումը այն երկրներից, որտեղից ներգաղթյալներ են ժամանում, տնտեսական ներգաղթյալների հոսքի սահմանափակումը եւ միաժամանակ ՝ պատերազմից փախչող փախստականներին իրական աջակցության ցուցաբերումը։





























