Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ արեւմտյան քաղաքական գործիչների հետ բանակցություններին, եթե դրա կարիքը լինի։

«Ցանկացած քաղաքական գործչի, կառավարության, վարչապետի կամ նախագահի գլխավոր խնդիրը սեփական երկրի եւ ժողովրդի օգտին աշխատելն է։ Եթե հանդիպումը կամ ձեռքսեղմումը կբխի Սիրիայի ժողովրդի շահերից, ես պարտավոր եմ դա անել՝ անկախ այն հանգամանքից՝ դա ինձ դուր գալիս է, թե ոչ»,- ասել է Ասադը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինքը պատրաստ է արդյոք գնալ Արեւմուտքի հետ բանակցության, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Խոսքն իմ մասին չէ եւ ոչ էլ նրա, թե ես ինչ եմ ուզում կամ ինչն եմ հնարավոր համարում։ Խոսքն այն մասին է, թե այդ քայլը ինչ արժեք ունի։ Հետեւաբար, այո՛, մենք պատրաստ ենք անել ամեն բան, ինչը բխում է սիրիացի ժողովրդի շահերից»,- ընդգծել է Ասադը։