Լիտվան դեռեւս պատրաստ չէ ընդունել Եվրամիության որոշմամբ նախատեսված ավելի քան հազար փախստականների անգամ կեսին։ Այս մասին «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի խորհրդարանի խոսնակ Լորետա Գրաուժինենեն։

Նրա կարծիքով՝ տեղահանվածների ընդունելությունը կազմակերպելու համար նախարարների կաբինետը պետք է համապարփակ ծրագիր մշակի, որը դեռեւս չկա։ «Կառավարությունը պատրաստ չէ ընդունել նախատեսված 1 105 փախստականների անգամ կեսին»,- կարծում է Գրաուժինենեն։

Համապարփակ ծրագիրն անհրաժեշտ է նախապատրաստել ոչ միայն կառավարական մակարդակով, այլ նաեւ կոնկրետացնել այն տեղական ինքնակառավարման մակարդակով։ «Տեղական ինքնակառավարման ցանկացած մարմին այդ դեպքում կարող է փախստականների տեղավորման հարցը քննարկել տեղական խորհուրդների հետ»,- ասել է խոսնակը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ ի սկզբանե Վիլնյուսի համար սահմանված քվոտան կազմում էր 325 փախստական։ Այնուհետեւ ԵՄ-ն առաջարկեց ընդունել եւս 780 մարդու։